Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եռօրյա լուռ բողոքի ակցիա է սկսել Նիդերլանդների խորհրդարանի դիմաց` քաղաքական և հասարակական ուժերի ուշադրությունը հրավիրելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն առաջացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի անողոք ռեժիմի կողմից իրականացված Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից:
Լուռ բողոքի ակցիայի ընթացքում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) ներկայացուցիչներին ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռյուդմեր Հերման, հանձնաժողովի մեծ թվով անդամների ներկայությամբ։ FAON-ը հանձնաժողովի նախագահին է հանձնել 10 կետից բաղկացած խնդրագիր, որտեղ նշված են հրատապ քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու և Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն ապաշրջափակելու համար։
Պատվիրակությունը հատկապես ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Արցախում տիրող մարդասիրական սարսափելի իրավիճակին և գտնել հնարավորություններ վերացնելու Արցախի բնիկ հայ ազգաբնակչության դեմ ուղղված Ադրբեջանի սպառնացող գործողությունները, որոնք միտված են իրագործել էթնիկ զտումներ, ինչպես խոստովանել է ադրբեջանցի բռնապետը:
«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) շնորհակալ է հանդիպմանը ներկա գտնված պատգամավորներին և անհամբեր սպասում է առաջիկա հունվարի 19-ին խորհրդարանում կայանալիք բանավեճին, որտեղ կքննարկվեն հրատապ գործողությունների թեման, որոնք հարկավոր են Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, հաշվի առնելով, որ հաջորդ շաբաթ կայանալու է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված է նաև այս հարցը», - ասված է հաղորդագրության մեջ: