Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին և հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը և ընդհանրապես հայ-վրացական հարաբերությունները։
Վարչապետը հիշեցրեց, որ 2019 թվականին Վրաստանի վարչապետը այցելել էր Հայաստան, և այդ ժամանակ խնդիր էին դրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի։
Վարչապետի խոսքով՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած։
«Հիմա ավելի շատ կենտրոնացած ենք 2023 թվականի ցուցանիշների աճի վրա, որովհետև բարձր աճերը մի խնդիր ունեն՝ աճերը պետք է շարունակել, որովհետև եթե չշարունակենք, կունենանք հետընթաց։ Իհարկե, քաղաքական, տնտեսական, մարդկային շատ ջերմ հարաբերություններ են հաստատված և պետք է այնպես անել, որ այդ հարաբերությունները ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով։ Այն, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան սահմանը անցնել նույնականացման քարտերով, դա և տնտեսական, և քաղաքական, և մշակութային, մարդկային գործոն է։ Կարծում եմ՝ այդ հանգամանքը իրոք կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, մանավանդ, որ քննարկում ենք Հայաստանում վրացերենի և Վրաստանում հայերենի ուսուցման որակի բարելավման հարցը»,- եզրափակեց Փաշինյանը։