ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարևորագույն հարթակ է և Հայաստանը կշարունակի այնտեղ աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից այն դեպքում, երբ Լաչինի միջանցքի հարցով չհաջողվեց ընդունել համատեղ հայտարարություն։
«Դեռևս սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումից և Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասը օկուպացնելուց հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցան առաջին քննարկումները բավականին երկար տարիների ընդմիջումից հետո։ Եվ այժմ, ահա,Լաչինի միջանցքի փակումից հետո և Լեռնային Ղարաբաղի շրջափակումից հետո, մենք կրկին խնդրանքով հանդես եկանք, և Ֆրանսիայի նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Նաև հրապարակային դիրքորոշումներ հայտնեցին ՄԱԿ ԱԽ անդամները։ Յուրաքանչյուր ոք կարող է կոնկրետ երկրի կոնկրետ դիրքորոշման նրբությունների մասին տեղեկանալ. տեսագրությունները կան համացանցում։ Եվ փաստաթուղթ էր շրջանառվում, և դա պետք է լիներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահողի հայտարարություն և, ցավոք, փաստաթուղթը ընդունել հնարավոր չեղավ առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով, բայց աշխատանքները շարունակվում են: Եվ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարևորագույն հարթակ է, և յուրաքանչյուրը կարող է գիտակցել այդ կարևորությունը, և մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք»,- ընդգծեց Միրզոյանը։