Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվել է Ադրբեջանի նախագահի կողմից վերջին հարցազրույցում ՀՀ-ի նկատմամբ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրով և փորձել վարչապետից պարզել, թե արդյո՞ք մեր միջազգային գործընկերները և կազմակերպություններն ունեն հավանական էսկալացիան կանխելու կամ այդ հարցով մեզ աջակցելու որոշակի գործիքակազմ:
Միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումն այս իրավիճակի նկատմամբ մեծանում է. հարցին ի պատասխան՝ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի գնահատմամբ այդ հայտարարությունները որոշակի սադրանք և էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն:
«Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և այդ հայտարարությունները հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային և քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է:
«Ակնհայտ է՝ միջազգային հանրությունն էլ է դա արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար: Հարց՝ իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, հենց դա չէ հեռահար նպատակը...»,-արձանագրել է Նիկոլ Փաշինյանը: