Անկարան Երևանի հետ կարգավորման գործընթացում ցանկանում է տեսնել հայկական կողմի անկեղծությունը «ոչ միայն խոսքով, այլև գործով»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ակնկալում ենք, որ կարվեն խաղաղության տանող անկեղծ քայլեր։ Վերջին ժամանակներս, ցավոք, մենք տեսնում ենք հետընթաց քայլեր։ Այսօր [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենն ասաց, որ [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանը անկեղծ է, բայց մենք ցանկանում ենք դա տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է Yeni Akit թերթը։
Հիշեցնելով Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան և Բաքուն անկեղծ են տրամադրված կարգավորման հարցում։
«Ես կարող եմ ասել դա, ես հեշտությամբ կարող եմ ասել դա եղբայրական, թանկագին Ադրբեջանի անունից։ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ են տրամադրված կարգավորման հարցում»,- ասել է նա։