Ուռճացված գներով գնումների շուրջ ծագած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը։ Համապատասխան հաղորդագրությունը հունվարի 24-ին հայտնվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքում։
Շապովալովը պատասխանատու էր Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար։ Նա ինքն է հրաժարական տվել, որպեսզի «սննդի ծառայությունների գնման հետ կապված մեղադրանքների արշավի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի կայուն ապահովման համար սպառնալիքներ չստեղծվեն»։
«Չնայած այն հանգամանքին, որ հնչեցված մեղադրանքներն անհիմն են՝ Վյաչեսլավ Շապովալովի հայտարարությունը պաշտոնանկության մասին արժանի արարք է եվրոպական և ժողովրդավարական քաղաքականության ավանդույթներում, և ցույց է տալիս, որ պաշտպանական շահերն ավելի բարձր են, քան ցանկացած կաբինետ կամ աթոռ», - ասվում է Ուկրաինայի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: