Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կազմում Եվրամիության անդամ չհանդիսացող երրորդ պետությունների ներկայացուցիչներ կարող են ընդգրկվել: NEWS.am -ի տեղեկացմամբ այս մասին ասվում է Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրոպական խորհրդի որոշման մեջ։
Նշվում է, որ «առանց ԵՄ-ի որոշումների կայացման ինքնավարությանը և նրա միասնական կազմակերպչական կառուցվածքին վնասելու, երրորդ պետությունները կարող են հրավիրվել՝ իրենց ներդրումն ունենալու առաքելության մեջ, պայմանով, որ նրանք կրեն իրենց կողմից գործուղված անձնակազմի ծախսերը, ներառյալ աշխատավարձերը, բոլոր ռիսկերի ապահովագրությունը, օրապահիկի և դեպի Հայաստան ու Հայաստանից ուղևորության ծախսերը, և իրենց ներդրումն ունենան առաքելության ընթացիկ ծախսերում՝ կախված հանգամանքներից»:
Հաղորդվում է, որ առաքելությունը կազմված է հիմնականում անդամ պետությունների, ԵՄ հաստատությունների կամ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից գործուղված աշխատակիցներից:
«Բացառիկ դեպքերում, պատշաճ կերպով հիմնավորված դեպքերում, երբ անդամ պետություններից չկան որակավորված թեկնածուներ, պայմանագրային հիմունքներով կարող են երրորդ պետությունների քաղաքացիներ աշխատանքի ընդունվել՝ կախված հանգամանքներից»:
Առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացվել է ավելի քան 8 միլիոն եվրո։
«EUMA-ի ռազմավարական նպատակն է օգնել նվազեցնել միջադեպերի թիվը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած և սահմանամերձ տարածքներում, նվազեցնել ռիսկերի մակարդակը նման շրջաններում ապրող բնակչության համար և դրանով իսկ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Այդ նպատակով առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը այնպիսի ձևերով, որոնք կպահպանեն նրա հեղինակությունը որպես անկողմնակալ մասնակից՝
ա) հսկողություն սովորական պարեկության և տեղեկացման միջոցով՝ տեղերում իրավիճակի և հակամարտության հետ կապված ցանկացած միջադեպի մասին՝ անվտանգության իրավիճակի մանրամասն իրազեկություն ապահովելու համար,
բ) հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը նպաստելը, մասնավորապես հատուկ պարեկության միջոցով տեղեկատվություն հավաքելով և զեկուցելով այն իրավիճակների մասին, երբ հակամարտության ուղղակի կամ անուղղակի հետևանքների պատճառով մարդու կյանքը և հիմնարար իրավունքները սպառնալիքի տակ են,
գ) «ա» և «բ» ենթակետերով նախատեսված իր գործունեության և տեղերում մշտական ու տեսանելի ներկայության միջոցով՝ նպաստելով Հայաստանի ու Ադրբեջանի բնակչության և, հնարավորինս այդ երկրների իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- ասվում է որոշման մեջ։