ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի ներգրավվածությունն ուկրաինական հակամարտությունում աճում է. Կրեմլ

15:33     26 հունվարի, 2023

Կրեմլը տեսնում է, որ ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի երկրների ներգրավվածությունն ուկրաինական հակամարտությունում աճում է, հինգշաբթի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Եվրոպական մայրաքաղաքներից և Վաշինգտոնից անընդհատ հայտարարություններ են հնչում, որ զենքի տարբեր համակարգերի, այդ թվում՝ տանկերի, Ուկրաինա ուղարկելը ոչ մի կերպ չի նշանակում այդ երկրների կամ [Հյուսիսատլանտյան] դաշինքի ներգրավում Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Մենք կտրականապես համաձայն չենք ասվածի հետ: Մոսկվայում այն ​​ամենը, ինչ անում են և՛ դաշինքը, և՛ իմ նշած մայրաքաղաքները, ընկալվում է որպես ուղղակի ներգրավվածություն հակամարտությանը։ Մենք տեսնում ենք, որ այն աճում է»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինային տանկեր մատակարարելու Վաշինգտոնի որոշումը չի նշանակում պայքար Ռուսաստանի դեմ, այլ՝ «պայքար հանուն ազատության»։


© armedia.am