Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը որպես Լաչինի միջանցքն ապաշրջափակելու տարբերակ է դիտարկում նաև միջազգային հակաահաբեկչական գործողության անցկացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայիլյանն ընդգծում է, որ Բաքվի գործողությունները բացահայտ ահաբեկչական դրսևորումներ են, իսկ ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման նպատակով միջազգային իրավունքն ու միջազգային փորձը նախատեսում են պետությունների ուժային կառույցների համատեղ գործողություններ՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքի ռազմական եղանակով ապաշրջափակման տեսական հնարավորության հիշատակումը ոչ համարժեք արձագանք է գտել Բաքվում։
Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի 120 հազար քաղաքացիների պատանդառությունը և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած քաղաքական և նյութական նախապայմաններն, ըստ միջազգային իրավունքի, հենց միջազգային ահաբեկչության բացահայտ դրսևորում են հանդիսանում։
Ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման նպատակով միջազգային իրավունքն ու միջազգային փորձը նախատեսում են պետությունների ուժային կառույցների համատեղ գործողություններ՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման շարունակման դեպքում պետությունների ընկերակցությունը պետք է դիտարկի հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում ռազմական տարբերակը՝ հանուն ցեղասպանության իրական սպառնալիքի տակ հայտնված Արցախի 120 հազար բնակչության փրկության»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայիլյանը։