Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, NEWS.am-ի փոխանցմամբ այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ԱԳՆ-ի վրա հղումով։
«Հանդիպմանը խստորեն դատապարտվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այսօր տեղի ունեցած զինված հարձակումը, հայտարարվել է դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նման հարձակումների անթույլատրելիության մասին, նշվել է դիվանագիտական ներկայացուցչության և նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու Իրանի պարտավորությունը՝ Վիեննայի կոնվենցիային համապատասխան։ Հանդիպման ընթացքում պահանջ է հնչեցվել հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանատվության ենթարկել ահաբեկչական գործողություն կատարած անձին, իրականացնել մանրակրկիտ հետաքննություն, բացահայտել և պատժել հանցագործության կազմակերպմանն ու կատարմանը մասնակից մյուս մասնակիցներին: Հանդիպմանն ընդգծվել է նաև, որ վերջին շրջանում Իրանում համակարգված հակաադրբեջանական արշավ է իրականացվում, ինչն էլ ավելի է սրում առանց այդ էլ բարդ հարաբերությունները:
Մուսավին՝ խստորեն դատապարտելով զինված միջադեպը, խորը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես նաև խորը ցավակցություն հայտնել դեսպանատան զոհված աշխատակցի ընտանիքին, Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին: Դեսպանը նաև ընդգծել է, որ Իրանի համապատասխան մարմիններն անմիջապես արձագանքել են միջադեպին, ներկայումս իրավապահ մարմինները հետաքննում են այն, մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի հետաքննության ավարտից հետո»,-հաղորդագրությունը մեջբերում են ԶԼՄ-ները։