Հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում, փոխանցում է News.am-ը:
Համաձայնագիրը, որի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կկարողանան միջպետական սահմանը հատել առանց անձնագրի՝ անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերով, ստորագրել են Վրաստանի և Հայաստանի կառավարությունների ղեկավարներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունվարի 12-ին, հաղորդում է Sputnik-Գրուզիան։
Որոշման համաձայն՝ կառավարությունը հաստատել է «Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների միջև քաղաքացիների երկկողմանի անայցագիր տեղաշարժի մասին» ստորագրված համաձայնագիրը։
Որոշմամբ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է համաձայնագրի կնքման մասին տեղեկացնել Վրաստանի նախագահին և Խորհրդարանին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանի իշխանություններին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին: