Իրանում Ուկրաինայի դեսպանը երկուշաբթի կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունների առնչությամբ:
Դեսպանին խնդրել են պարզաբանել Պոդոլյակի հայտարարությունը, ով նախօրեին փաստացի ընդունել է Կիևի մասնակցությունը Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակմանը, հաղորդում է Tasnim-ը։
Կիրակի օրը Պոդոլյակը Twitter-ում հաղորդագրություն է տարածել, որում ևս մեկ անգամ մեղադրել է Իրանին Ուկրաինայի պատերազմական գոտի անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեջ և անուղղակիորեն ընդունել է Կիևի մասնակցությունը Սպահանի վրա հարձակմանը.
«Ուկրաինան ձեզ նախազգուշացնում էր»,- գրել է Պոդոլյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: