Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին խնդրում է պարտադրել Ադրբեջանին հետևյալ միջանկյալ միջոցները, նախքան այս գործը, ըստ էության, վճռելու: Panorama-ի հաղորդմամբ այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատավարական լսման ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Նախ՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների, որոնք խաթարում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։
Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի անխափան, ազատ, անդադար տեղաշարժը բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ:
Երրորդ՝ Ադրբեջանը անմիջապես պետք է լիովին վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ»,- հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։