Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին, գրում է «Коммерсантъ»-ը։
Դրա համար Թրեյսին նախ եկել է ՌԴ նախարարություն։ Հավատարմագրերի հանձնումը ձևական բնույթ է կրում, որից հետո դիվանագետը համարվում է ընդունող երկրում պաշտոնապես աշխատանքի անցած։
Հանդիպման ընթացքում Ռյաբկովը դեսպանին մատնացույց է արել «ԱՄՆ-ի ներկայիս առճակատման կուրսի հակաարդյունավետությունը, որը հղի է լուրջ բացասական հետևանքներով», Լին Թրեյսիից ակնկալում են, որ նա չի միջամտի Ռուսաստանի ներքին գործերին։
ԱԳՆ-ում հանդիպումից հետո ամերիկյան դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ դեսպանը «հատուկ ուշադրություն կդարձնի մեր երկրների մայրաքաղաքների միջև երկխոսության պահպանմանը աննախադեպ լարվածության շրջանում»: Թրեյսին նաև կվերահսկի Ռուսաստանում ձերբակալված բոլոր ամերիկացիների հանդեպ արդար վերաբերմունքի պահպանումը։
Նոր դեսպանը Մոսկվա է ժամանել հունվարի 26-ին՝ դառնալով Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Լին Թրեյսին եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպան, Ռուսաստանի հարցերով խորհրդական Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ղեկավարի տեղակալ, ինչպես նաև աշխատել է Թուրքմենստանում, Պակիստանում և Ղազախստանում։