ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հարավային Կորեան, հետևելով Գերմանիայի, Շվեդիայի և այլ երկրների օրինակին, պետք է փոխի իր դիրքորոշումը և որոշում կայացնի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ ժողովրդավարությանն աջակցելու և կայուն խաղաղություն հաստատելու համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Գլխավոր քարտուղարն այսպիսի հայտարարություն է արել Սեուլ կատարած այցի ժամանակ CHEY առաջադեմ հետազոտությունների ինստիտուտում ունեցած ելույթի ընթացքում: Իր ելույթում Ստոլտենբերգը երախտագիտություն է հայտնել Հարավային Կորեային Ուկրաինային տնտեսական աջակցության համար, բայց նաև կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ դիտարկելու ռազմական օգնության հարցը։
«Մենք կոչ ենք անում Հարավային Կորեային ձեռնամուխ լինել դիտարկելու (Ուկրաինային) կոնկրետ ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը… Սա որոշում է, որն ի վերջո պետք է ընդունի Հարավային Կորեան։ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ փոխել են պատերազմող երկրներ զենքի արտահանումից հրաժարվելու իրենց քաղաքականությունը»,- ասել է Ստոլտենբերգը։