Ռուսաստանը տրամաբանական է համարում Իրանի մասնակցությունը Թուրքիայի և Սիրիայի կարգավորման շուրջ նոր շփումներին, այդ հարցում սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել էր, որ Թեհրանը կարող է միանալ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին, որին այժմ մասնակցում է նաև Մոսկվան։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը աջակցում է Թուրքիայի շահագրգռվածությանը Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և կզարգացնի աշխատանքն այս ուղղությամբ։
«Իսկապես, ներկայումս սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել այդ աշխատանքներում Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավման վերաբերյալ։ Ե՛վ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան Աստանայի «եռյակի» մաս են կազմում, որը զբաղվում է սիրիական կարգավորմամբ։ Ուստի միանգամայն տրամաբանական եմ համարում, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը նպաստելուն ուղղված հետագա շփումները կուղեկցվեն Ռուսաստանի և Իրանի կողմից»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ինչ վերաբերում է մասնակցության ժամկետներին և կոնկրետ ձևաչափերին՝ զինվորականների, դիվանագետների մասնակցությամբ, ապա այն ներկայումս մշակվում է։ Այստեղ մենք լիովին հասկանում ենք, որ պետք է քայլ առ քայլ շարժվել, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ քայլն առնվազն որոշակի, թեկուզ փոքր, բայց կոնկրետ արդյունքներ բերի»,- ասել է նախարարը։