ԱՄՆ-ը երեքշաբթի յոթ իրանական ընկերություններ ավելացրել է պատժամիջոցների ցուցակում։ Այդ ընկերություններն արտադրում են դրոններ, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացրել է առևտրի նախարարությունը։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մեկ տարի անց դաշնակիցները սկսել են Կիև մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր, որպեսզի դիմակայեն իրանական արտադրության թևավոր հրթիռներին և կամիկաձե անօդաչուներին, որոնք ռուսական զորքերն այս ձմռանն օգտագործել են ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների դեմ գրոհելու համար։
Այս ամիս մի փոքր ավելի վաղ Կանադան հայտարարել էր, որ մտադիր է Ուկրաինայի համար ձեռք բերել ԱՄՆ-ում արտադրված ՀՕՊ փոքր և միջին հեռահարության NASAMS համակարգ, որը պաշտպանում է անօդաչուների, հրթիռների և ինքնաթիռների գրոհներից։ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինային նման երկու համակարգ է տրամադրել։ Տեղեկացվել է, որ շուտով նոր NASAMS-ներ կտրամադրեն։
ՀՕՊ այլ վերերկրյա, մասնավորապես՝ Patriot համակարգեր, որոնք արտադրում է Raytheon Technology Corp-ը, Կիևին խոստացել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Նիդեռլանդները։
Ցուցակում ավելացվել են հետևյալ իրանական ընկերությունները. «Ավիացիոն շարժիչների նախագծում և արտադրություն», «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական ուժեր», «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետազոտությունների և ինքնապահովման ջիհադի կազմակերպություն», «Օջե Փարվազ Մադո Նաֆար ընկերություն», «Փարավար Փարս ընկերություն», «Կոդս ավիացիոն արդյունաբերություն» և «Շահեդ ավիացիոն արդյունաբերություն»։
Առևտրի նախարարության հաղորդման մեջ նշվել է, որ իրանական անօդաչուները Ռուսաստանին են տրվում Ուկրաինայում օգտագործելու համար, ինչը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին։