ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել տարբեր երկրների 22 ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են հակառուսական պատժամիջոցները շրջանցելու ջանքերում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը լիակատար արգելափակման պատժամիջոցներ է սահմանել տարբեր երկրների 22 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են պատժամիջոցներից խուսափելու ցանցի հետ, որն աջակցում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրին», - ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Ինչպես նշել են ֆինանսների նախարարությունում, ընդամենը վերջին մեկ տարում Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 100 ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ, որոնք «զբաղված են Ռուսաստանի Դաշնության դեմ միջազգային պատժամիջոցները շրջանցելու և արտահանման վերահսկման միջոցառումներով»: