Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

13:36     3 փետրվարի, 2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաև ֆրանսիական կողմի օժանդակության կարևորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ մատնանշելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների կատարմանն ուղղված հետևողական աշխատանքների իրականացումը:

Դեսպան Լույոն, անդրադառնալով ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությանը Հայաստանի տնտեսությունում, հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորություններին:


© armedia.am