«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան։ NEWS.am-ի հաղորդմամբ նա մայիսի 11-ին ելույթ կունենա Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում։ Թե ինչ երգ է ներկայացնելու վրացի պատվիրակը, դեռ հայտնի չէ։
Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին դարձել է նաև «Ձայն» մեգա շոուի հաղթող։
Հայտնի է, որ Խեչանովան Թբիլիսիից է։ 2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2023-ը կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։
Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Հելեն Երեմյանը՝ հայտնի որպես Brunette։ Նա նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին: