Ուկրաինան ցույց է տալիս ցածր, և միայն որոշ ոլորտներում պատրաստվածության միջին մակարդակ՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի (ԵՀ) 66 էջանոց վերլուծական զեկույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու Կիևի պատրաստվածության աստիճանի մասին։
«Կիևը լավագույնս հանդես է գալիս արտաքին քաղաքականության ոլորտում. այս երկիրը «ցուցադրում է Եվրամիության արտաքին քաղաքական որոշումներին հավատարիմ մնալու բարձր մակարդակ»,- ասվում է փաստաթղթում:
Արտաքին քաղաքականության ոլորտի որոշումները ԵՀ-ն գնահատել է «լավ», իսկ ուկրաինական և եվրոպական շուկաների միջև ապրանքների ազատ տեղաշարժն ապահովելու ջանքերը՝ «բավարար» կամ «միջին մակարդակի վրա»։Երկրի տնտեսական և քաղաքական զարգացման շատ այլ ոլորտներում ԵՄ-ի հետ մերձեցման առաջընթացը գտնվում է «սկզբնական փուլում»:
«Ուկրաինան արտաքին քաղաքականության ոլորտում պատրաստվածության լավ մակարդակ ունի։ Ուկրաինան ցուցաբերում է բարձր մակարդակի հավատարմություն [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի] հայտարարություններին և ԵՄ խորհրդի արտաքին քաղաքական որոշումներին։ Ուկրաինան ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ի հետ կիբերհանցագործության և ապատեղեկատվության դեմ պայքարում: Սակայն լրացուցիչ աշխատանք է պահանջվում զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար»,- նշվում է հայտարարությունում:
Ուկրաինային առաջարկվել է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի և օլիգարխների ազդեցության դեմ, ինչպես նաև բարձրացնել ֆինանսական վերահսկողության մակարդակը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին և մամուլի ազատությանը, Ուկրաինան նույնպես այս ոլորտում գտնվում է «վաղ փուլում», սակայն, ըստ Եվրահանձնաժողովի, Կիևը շարժվում է «ճիշտ ուղղությամբ»։