Պետդեպարտամենտը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ծրագրված այցը Չինաստան՝ օդապարիկի միջադեպի պատճառով հետաձգելու որոշումը։
«Պետքարտուղարը պատրաստ էր այս գիշեր մեկնել Պեկին՝ քննարկելու [երկու երկրների միջեւ] հարաբերությունների բոլոր տարրերին վերաբերող հարցերի լայն օրակարգ։ «Նախօրեին [ԱՄՆ] պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայտնաբերել և հետևում է Միացյալ Նահանգների վրայով մեծ բարձրության վրա գտնվող հետախուզական օդապարիկին»,- ուրբաթ օրը լրագրողների համար կայացած հեռախոսային ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել ՉԺՀ-ի հայտարարությունը, որում նրանք ափսոսանք են հայտնել, սակայն այս օդապարիկի առկայությունը մեր օդային տարածքում ինքնիշխանության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Իսկ տեղի ունեցածն անընդունելի է: Այլ գերատեսչությունների գործընկերների, ինչպես նաև Կոնգրեսի հետ խորհրդակցելուց հետո մենք եկանք այն եզրահանգման, որ այս պահին պայմանները հարմար չեն քարտուղար Բլինքենի՝ Չինաստան մեկնելու համար»,- ասել է ճեպազրույցի վարողը` ընդգծելով, որ պետքարտուղարը կայցելի Չինաստան «առաջին հնարավորության դեպքում, երբ թույլ տան պայմանները»:
Ինչպես հինգշաբթի ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը՝ ԱՄՆ իշխանությունները նկատել և հետևում են բավականին մեծ բարձրության վրա գտնվող հետախուզական օդապարիկի, որն այժմ սավառնում է ԱՄՆ մայրցամաքի վրայով:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասնել է, որ «օդապարիկը ժամանել է Չինաստանից, և դրա նպատակը քաղաքացիական բնույթ է կրում, մասնավորապես՝ զոնդն օգտագործվում է օդերևութաբանական հետազոտությունների համար»։