Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպական տարածաշրջանի գծով պետական նախարար Լեո Դոկերտիին։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով ԱԳՆ-ին։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը, իրավիճակը տարածաշրջանում և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։
«Նախարարը պետնախարարին տեղեկացրել է Լաչինի ճանապարհի շուրջ իրավիճակի մասին։ Նշվել է, որ բողոքներն անօրինական տնտեսական գործունեության և Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործման դեմ ադրբեջանցի ժողովրդի օրինական իրավունքն են, որ չկա որևէ հիմք շրջափակման և հումանիտար իրավիճակի հետ կապված բողոքների համար, որ հումանիտար բեռները տեղափոխվում են, և այսօրվա դրությամբ ճանապարհով անցել է մոտ 2 000 ավտոմեքենա։ Պետնախարարը տեղեկացվել է Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև խոչընդոտների և մի շարք սադրանքների մասին, որոնք վերջինն ստեղծում է հետհակամարտային շրջանում գործընթացը կարգավորելու ճանապարհին, Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի վերջին հանդիպումը բոյկոտելու մասին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, որը խաղաղության օրակարգ է առաջ մղում և իրականացնում է վերականգնողական աշխատանքներ տարածաշրջանում, շահագրգռված է կարգավորման գործընթացով։
Պետնախարար Լեո Դոկերտին, իր հերթին, քննադատել է զինված հարձակումն Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ և ցավակցություն հայտնել։ Նա ասել է, որ կարևոր է վերացնել տարածաշրջանում խաղաղությանը խանգարող դժվարությունները և վերականգնել բանակցությունները։ Այնուհետև կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարցերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։