ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման բանակցությունները եզրափակիչ փուլում են, հարցերի մեծ մասը համաձայնեցված է։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը։
Դիվանագետը նշել է, որ հունվարի 19-ին ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի Թեհրան կատարած այցի ընթացքում ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնեցրել են հարցերի մեծ մասը՝ ԱԱԳ-ի ստեղծման վերաբերյալ բանակցություններն ավարտելու համար։
«Չլուծված է մնում ագրարային արտադրանքի որոշ տեսակների փոխադարձաբար շուկա դուրս գալու հարցը, որն այժմ քննարկման փուլում է»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի ավարտից հետո համաձայնությունը պետք է արժանանա ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հավանությանը։
«Չնայած դա բավական աշխատատար գործընթաց է, հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության կարևորությունը՝ կարելի է հուսալ, որ կողմերը շահագրգռված կլինեն այն իրականացնել առավելագույն սեղմ ժամկետում»,- նշել է Դեդովը։
Ռուս դեսպանը նաև նշել է, որ շնորհիվ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի գործողության՝ Թեհրանը էապես ավելացրել է միության երկրներ իր գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները։