Փետրվարի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ուրարտու. Մոռացված թագավորություն» պատմական փաստագրական դրամա ժանրում նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան, որը նկարահանվել է «HAYASA» և «PARA TV» ստուդիաների կողմից: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վավերագրական դրամայի ձևաչափով սա առաջին ֆիլմն է՝ նվիրված Հայաստանի հնագույն պատմությանը։ Ֆիլմի առաջին մասը ցուցադրվել է նաև իսպանական RTVE հեռուստաալիքի եթերում։
Ֆիլմի ստեղծման հեղինակների փաստմամբ գաղափարն առաջացել էր դեռևս 2017 թվականին ու նախատեսվում էր 2018-ի սկզբին նկարահանումներն արդեն իրականցնել, իսկ Երևանի 2800 ամյակին հանձնել դիտողների դատին, սակայն 2018 թվականի հայտնի իրադարձություններն ու դրան հետևած ներքաղաքական վայրիվերումները փոխեցին ողջ պատկերն ու ընթացքը:
Ֆիլմն իրենից պատմական արժեք է ներկայացնում: Այն նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական քաղաքների տարածքներում: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին ներգրավված են եղել նաև պատմաբաններ, հնագետներ, ովքեր հենց ֆիլմի ընթացքում ներկայացնում են կարևոր և հիշատակման արժանի փաստեր: Որքան էլ հարևան, ոչ բարեկամ պետությունները փորձեն խեղաթյուրել պատմությունն ու իրականությունը ֆիլմում ներկայացված փաստերը, գիտնականների կողմից ներկայացված նյութերի համադրությամբ վկայում են հայկական պետության և պետականության թողած դարավոր մշակութային ու պատմական արժեքի մասին։
Ֆիլմի ռեժիսորը Վագա Վարդանյանն է,
իսկ հայ արքաների դերերում են Միքայել Պողոսյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Օհանջանյանը, Ռուբեն Մուրադյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք:
«Ուրարտու. Մոռացված թագավորություն» ֆիլմի նպատակներից է այն ծառայեցնել որպես պատմությունը վերհիշելու լավ առիթ, լիկբեզ, իսկ հիմնական մեսիջն ուղղված է և՛ միջազգային հանրությանը, և՛ ներքին լսարանին, թե մենք ով ենք եղել և ուր ենք պատրաստվում գնալ:
Ֆիլմը տալիս է հստակ պատկերացում հայկական միասնության և այդ միասնության ուժի մասին, որով առաջնորդվել են մեր նախնիները, իսկ պետություն ու պետականություն ունենալու հաստատակամությամբ պետք է առաջնորդվեն և՛ ներկա, և՛ ապագա սերունդները։