Հայաստանն աշխատում է. Գրիգորյանը` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներ սկսելու մասին
Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ լինեն Ստեփանակերտի և Բաքվի միջև։ Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ լինեն Ստեփանակերտի և Բաքվի միջև, և շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմը կայանա։ Սրան կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Այն կարող է լինել միջազգային կառույցների կամ այլ ֆորմատով, դա հստակ չէ։ Սա քննարկման առարկա է, որը պետք է շարունակենք հստակեցնելու համար։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կողմ է հստակեցումներին»,– ասաց ԱԽ քարտուղարը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հայկական կողմն ինչ կետեր է ներառում խաղաղության պայմանագրում։
«Ոչ թե ինչ կետեր են ներառվում, այլ կարող եմ ասել Հայաստանի մոտեցումը։ Այն շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ` ԼՂ–ում ապրող հայերի անվտանգության, իրավունքների շուրջ»,– պատասխանեց նա։
Գրիգորյանն ընդգծեց, որ այդ բոլոր գործընթացների շրջանակում պետք է նաև հասկանալ, թե որոնք են այն մեխանիզմները, որ երաշխավորում են անվտանգությունն ու իրավունքները։