Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է պատժամիջոցներ կիրառել Իրանում այն կազմակերպությունների դեմ, որոնք աջակցում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում:
«Բայց կան նաև իրանական արտադրության հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի մարտադաշտերում: Այսպիսով, առաջին անգամ մենք նաև առաջարկում ենք պատժամիջոցներ կիրառել իրանական կազմակերպությունների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված կազմակերպությունների դեմ», - հայտարարել է նա:
Ըստ ֆոն դեր Լեյենի՝ «ԵՄ-ի պարտականությունն է պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ և դիմակայել Իրանին՝ անօդաչու թռչող սարքերի մատակարարման և Ռուսաստանում արտադրական տեղամասերի կառուցման համար տեխնիկական տեղեկատվության փոխանցման համար»: