Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին

14:18     17 փետրվարի, 2023

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  միջև  երկու երկրների հարաբերությունների կարգավորման  գործընթացի վերաբերյալ քննարկում նախատեսված չէ։ Այս մասին հայտնել են «ՏԱՍՍ» գործակալությանը Հայաստանի գործադիր մարմնից, հայտնում է Panorama-ն։

«Այս պահին նման տեղեկատվություն չկա»,-հնարավոր հանդիպման մասին հարցին պատասխանել են կառավարությունից։

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Փաշինյան-Ալիև հանդիպում կայացել է անցած տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վ. Պուտինի միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Երեկ Մյունխեն է մեկնել նաև ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ մասնակցելու Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի աշխատանքներին:

ԱԳՆ-ից հայտնել  են, որ համաժողովի շրջանակներում Ա.  Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ:


© armedia.am