ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենիքի պաշտպանությունն ամենամեծ առաքինությունը համարող բազմաթիվ հայորդիներ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում համախմբվեցին հանուն ազգային նպատակի իրագործման, և այն պսակվեց հաջողությամբ: Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը մեր պատմության առանցքային իրադարձություններից է:
Այդ տարիները իմ և իմ բազմաթիվ ընկերների կյանքի ամենածանր, ամենապատասխանատու, բայց և ամենապատվաբեր տարիներից էին: Մենք գիտեինք՝ ինչ նպատակի համար ենք պայքարում, կազմակերպում Արցախի ինքնապաշտպանությունը, հանուն ինչի ենք զոհաբերում մեր երիտասարդ տարիները, ինչի համար էին մեզ հետ զրկանքների միջով անցնում մեր ընտանիքները, հայրենակիցները: Մենք տեսնում էինք Ադրբեջանի ղեկավարների հայատյաց նկրտումները, խտրական վերաբերմունքը, աչքի առաջ ունեինք Ադրբեջանի կազմում մեկ այլ ինքնավար կազմավորման ՝ հայկական Նախիջևանի իսպառ հայաթափումը և վճռական էինք ամեն գնով թույլ չտալու դրա կրկնությունն Արցախում:
Ագրեսոր Ադրբեջանն իր սանձազերծած պատերազմում հանդիպեց միասնական բռունցք դարձած հայության պատասխան հարվածին և զինադադար խնդրեց:
Փա´ռք և պատի՛վ այդ հաղթանակը կերտած բոլոր քաջորդիներին, խոնարհում հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների անմահ հիշատակին:
1991 թվականին իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սկիզբ էր դրել պետականաշինության գործընթացին և զարգանում էր որպես ժամանակակից ու ժողովրդավարական պետություն:
Ցավոք, Ադրբեջանը, չհաշտվելով ինչպես 1994-ին կրած ծանր պարտության, այնպես էլ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ձախողման հետ, օգտագործեց հարմար պահը և, օգտվելով Հայաստանում օտարների աջակցությամբ իշխանությունը զավթած ապազգային ուժերի վարած պետականակործան քաղաքականությունից, 2020-ին սկսեց նոր պատերազմ, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ:
Վերջին մի քանի տարիներին մեծապես մսխվեցին ղարաբաղյան շարժման ձեռքբերումները, թշնամուն հանձնվեցին առաջին հաղթական պատերազմում Արցախի ազատագրված տարածքների զգալի մասը, զոհվեցին հինգ հազարից ավելի երիտասարդներ, բազմաթիվ հայորդիներ հաշմվեցին, տասնյակներն էլ մինչ այժմ գտնվում են գերության մեջ, վտանգի տակ դրվեց Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ապագան, թշնամին անարգել տարածքներ օկուպացրեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, երբեմնի ազգային զարթոնքը վերածվեց ազգային հիասթափության, ոմանց մոտ՝ հուսահատության:
Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետևողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին և շարունակաբար թուլացնում հայկական բանակը, խարխլում ազգային միասնականությունը, թշնամուն ձայնակցելով՝ կեղծ խաղաղասիրական թեզերով երկրի ներսում բթացնում արտաքին վտանգներին դիմակայելու զգոնությունը:
Հայրենակիցնե՛ր,
Ղարաբաղյան շարժման հոբելյանը ևս մեկ առիթ է արթնացնելու մեր ընդարմացած ազգային ինքնագիտակցությունը՝ որպես պատվար առկա մարտահրավերներին ու վերահաս նորանոր վտանգներին: Այդ ինքնագիտակցությունը 35 տարի առաջ հզոր ուժ դարձավ անգամ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներում, և ազգային համախմբմամբ հաղթանակեցինք: Մեզնից և ոչ ոք, ով իրեն համարում է ազգի մի մասնիկը, իրավունք չունի հուսահատվելու, ընկրկելու դժվարությունների առաջ, հետ կանգնելու պայքարի ճանապարհից՝ այնպես, ինչպես այսօր տոկում է շրջափակված, զրկանքների միջով անցնող, բայց իր բնօրրանում ազատ և անկախ ապրելու որոշման մեջ հաստատակամ Արցախը:
Արցախցի սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Երեքուկես տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով և արիությամբ, համայն հայության սատարմամբ բացվեց կյանքի ճանապարհը: Համոզված եմ՝ այդպես կլինի նաև այս անգամ, քանզի Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության պայքարն է, որին, ինչպես նախկինում, պարտավոր ենք սատար կանգնել ազգովին: Այդ պայքարը հայկական պետականության, մեր լինելության, ինքնության պահպանման կենաց և մահու պայքարն է, որից մենք պարտադրված ենք հաղթանակած դուրս գալ:
Աստված պահապան մեր Հայրենիքին»: