ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փետրվարի 23-ին Ուկրաինայի հարցով հատուկ նստաշրջանի ընթացքում ընդունել Է հակառուսական բանաձև՝ նվիրված Ուկրաինայում ռազմական գործողությունների 1 տարվան:
Ձեռնպահ է մնացել 32 պատվիրակություն, այդ թվում՝ Չինաստանը։ Ընդ որում, քվեարկության ընթացքում հավանության չեն արժանացել Բելառուսի առաջարկած փոփոխությունները, որոնք նախատեսում էին փաստաթղթից հանել այն դրույթները, որոնցում հակամարտությունն սկսելու պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Փոփոխություններով առաջարկվում էր նաև հանել այն կետը, որով Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արվում անհապաղ դուրս բերել զորքերն Ուկրաինայից, ինչպես նաև «դատապարտել Մինսկի ձևաչափի երկրների այն ղեկավարներին, որոնք իրականում չեն ձգտել կարգավորման հասնել Ուկրաինայում»։
Հակամարտությունն սկսելու պատասխանատվությունը դրվում է բացառապես Ռուսաստանի վրա։ Տեքստում կողմերին կոչ է արվում կատարել իրենց պարտավորությունները քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, ինչպես նաև ընդգծվում է «միջազգային իրավունքի համաձայն պատշաճ, արդար և անկախ հետաքննության միջոցով Ուկրաինայի տարածքում կատարված առավել լուրջ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և ազգային կամ միջազգային մակարդակով դատական հետապնդում իրականացնելու անհրաժեշտությունը»։
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, բանաձևը չի նպաստի ,Ռուսաստանի և Արևմուտքի միջև մեկ տարի առաջ սրված հակասությունների խաղաղ լուծմանը: Ըստ նրա՝ փաստաթուղթը միակողմանի է և իրականությունից կտրված: