Այսօր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին Բյուրսելում ԵՄ հովանու ներքո հանդիպելու առաջարկ է ուղարկվել: Ակնկալվում է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա մոտակա օրերի ընթացքում:
Պատահական չէ, որ այսօր տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է ամրապնդել Մյունխենում արձանագրված առաջընթացը և դրդել կողմերին հստակ պայմանավորվածությունների:
Փետրվարին 18-ին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջին բարձր մակարդակի ուղիղ շփումն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սեպտեմբերի 12-ի ադրբեջանական ագրեսիայից հետո: Մինչ այդ Երևանը հրաժարվել էր մասնակցել դեկտեմբերին Մոկսվայում նախատեսված արտգործնախարարի հանդիպմանը՝ հղվելով Լաչինի միջանցքի շրջափակման հանգամանքին: Սակայն, ինչպես հայտնի է դարձել հայտարարություններից, այս ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել «խաղաղության պայմանագրի» տեքստի վերաբերյալ:
Մյունխենի հանդիպումն ու դրանից հետո արված հայտարարությունները որոշակի լույս են սփռում սպասվող բանակցությունների բովանդակության վրա: Մասնավորապես, բանակցությունների հիմքում ենթադրաբար դրվելու է երկվեկտոր բանակցային տրամաբանությունը և Ադրբեջանը խուսափելու է պայմանագրում Արցախի և Արցախյան հիմնախնդրի հիշատակումից: Իսկ հայկական կողմը, ելնելով ԱԽ քարտուղարի հայտարարություններից, դրան չի հակառակվելու:
Զուգահեռ, քննարկվելու է նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը և այդ թվում՝ Լաչինի միջանցքում ու Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջաններին կապող ապագա ճանապարհի երկու ծայրերում անցակետեր տեղադրելու Ալիևի առաջարկը:
Ի սկզբանե Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքների և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա կառուցվող այս փաստաթուղթն, ըստ էության, Արցախյան հակամարտության էջը փակելու Ադրբեջանի փորձն է, որը սեփական հանրությանը մարսեցնելու համար Հայաստանի իշխանությունն իր քաղաքականությունը կառուցում է Հայաստանի 29,8 հազ ք/կմ իբրև թե պաշտպանելու և Արցախին առնչվող հարցերի հետ առնչվելուց հրաժարվելու թեզերի վրա:
Արևմուտքն, իր հերթին, շտապում է իր միջնորդությամբ առաջ տանել գործընթացն ու փակել հակամարտության էջը՝ ՌԴ-ին դուրս մղելու և ողջ տարածաշրջանի վրա սեփական ազդեցությունը մեծացնելու համար: Պատահական չէ այս կոնտեքստում ՌԴ ակտիվացումը թե՛ Մյունխենի հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո: