Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հորդորել են բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Փարիզում կայացած զրույցի ժամանակ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Զելենսկիին ասել են, որ սկսի քննարկել բանակցություններ վարելու գաղափարը։ Մակրոնը նաև հիշեցրել է Ուկրաինայի նախագահին, որ Ֆրանսիան և Գերմանիան կարողացել են խաղաղության հասնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թեև մինչ այդ նրանք ոխերիմ թշնամիներ են եղել:
Բացի այդ, Ֆրանսիայի առաջնորդը Զելենսկիին ասել է, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու քաղաքական ողջամտություն դրսևորել և բարդ որոշումներ կայացնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: