ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման՝ հուսալով, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու համար կձեռնարկվեն համապատասխան միջոցառումները:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև վարույթի շրջանակում: Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար: Նա հավատում է, որ կողմերը կկատարեն որոշումները՝ այդ թվում այն որոշումը, որը վերաբերում է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ՝ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելուն:
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն աշխատել՝ բարելավելու երկկողմ հարաբերությունները: Հայտարարության մեջ նշել է նաև, որ խրախուսում է կառուցողական երկխոսությունը։