ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ժամկետներ չեն նշվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փոխանցում է Aysor-ը։
«Այս անգամ որևէ ժամկետ չի նշվել դատարանի կողմից, ըստ էության, որոշման մեջ նշվում է, որ այն ունի պարտադիր բնույթ, ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար, այն պետության համար, որի նկատմամբ կիրառվել է նման միջոց ու դա նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի», - նշեց նա։
Նա դրական է համարում, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություններ արեցին՝ հղում անելով դատարանի որոշման վրա։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանը թե՛ դիվանագիտական միջոցներով, թե՛ քաղաքական հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը։