Ուկրաինայի Զինված ուժերը հրետանու, զինամթերքի, ռազմական ինքնաթիռների և տանկերի պակաս ունեն, ուրբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ելույթ ունենալով Լվովում իր լատվիացի գործընկեր Էգիլս Լևիտսի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Զելենսկին ասել է, որ զենքի և զինամթերքի պակասի պատճառով արևմտյան երկրները պետք է արագացնեն իրենց առաքումները Ուկրաինա։
«Հրետանին առաջնահերթ է, դա է մեզ պետք։ Ե՛վ համակարգեր, և՛ զինամթերք, մեծ քանակությամբ արկեր»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինային հրետանին պետք է ոչ թե Ռուսաստանի տարածքին հարվածելու, այլ այն շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար, որոնք Կիևը շարունակում է սեփականը համարել։
Բացի այդ, Զելենսկին հայտարարել է նաև ինքնաթիռների, ինչպես նաև տանկերի պակասի մասին։