Մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային օրը: Տոնը համարվում է գարնան, կանացի գեղեցկության, նրբության, հոգևոր իմաստության և կանանց նկատմամբ ուշադրության օր:
Կարևորելով օրվա խորհուրդը՝ Արմեդիա ՏՎԳ-ն զրուցել է գեղեցկության մասնագետ, վարսահարդար-ոճաբան Զոյա Միքայելյանի հետ:
- Տիկի՛ն Միքայելյան , ովքե՞ր կամ ինչպե՞ս են սահմանում նորաձևության միտումները (տենդենցները):
-Կարծում եմ, որ նորաձևությունն ընդհանրապես սահմանվում է արևմտյան աստղերի, դերասանների, ֆուտբոլիստների և այլնի կողմից: Որից հետո մենք՝ վարսահարդարներս, ուրվագծում ենք գաղափարներ և հիմնվելով անձնական փորձի և հաճախորդների ցանկությունների վրա, ձևավորում ենք կերպարներ, որոնք մտնում են նորաձևության հուն:
Նորաձևությունը ցիկլային է, բայց կարելի է նկատել, որ այժմ որևէ ընդգծված ուղղություն չկա։ Ու վարսահարդարումը բացառություն չի. գրանժ, հիպի, քեժուալ, դասական և այլն՝ բոլորը խառնված են, և բոլոր ոճային խառնուրդները պահանջարկ ունեն թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում:
Այդ խառնուրդներից ու գոյություն ունեցող բազմազանությունից պետք է ձևավորել անհատական կերպար, և այստեղ ամեն բան կախված է բազմաթիվ գործոններից՝ հաճախորդի նախնական տվյալներ, տիպային հատկանիշներ, հասակ, տարիք, աչքերի գույն, մազերի բնական գույն և այլն: Ցանկացած մանրուք ազդում է նորաձևության և գեղեցկության վրա:
- Որո՞նք են 2023 թվականի hair-industry-ի թրենդերը:
-Հարմարավետությունը, ճկունությունը և ընդգծվածությունը նորաձևության 2023 թվականի գարուն-ամառ թրենդն են: Սանրվածքները պետք է լինեն թեթև, հարթ անցումներով, մազի եզրերը մշակված: Կարևոր է մազի երկարության ընտրության անհատական մոտեցումը՝ խորհուրդ եմ տալիս հաշվի առնել դեմքի ձևը, կազմվածքը, հասակը, տարիքը, իմիջը։ Ու անկախ գոյություն ունեցող տենդենցներից համարում եմ, որ մազի երկարությունը, գույնը, ձևը պետք է լինի հաճախորդների կամքով: Մազին տրված ընդհանուր ձևի և ակցենտի հարաբերակցությունը պետք է ընդգծի գեղեցկությունն ու ամբողջացնի կերպարը: Ես առաջարկում եմ մտածել փիքսի-բոբ սանրվածքի մասին, ելնելով այն հանգամանքից, որ գրեթե բոլորին համապատասխանում է:
Նոր դարաշրջանի և նոր տարվա գլխավոր միտումը ժամանակն է, որն իսկապես անգին է: Արագ, գեղեցիկ, էլեգանտ: Յուրաքանչյուր հաճախորդ ցանկանում է հարուստ տեսք ունենալ: Իսկ արագ, արդյունավետ, որակյալ և հասանելի աշխատելու կարողությունը ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է։
- Ձեր մաղթանքն ու խորհուրդ՝ գեղեցիկ սեռի մեր ընթերցողներին:
-Սիրելի կանայք շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, անսահման սեր, երջանկություն և առողջություն:
Մի մոռացեք ձեր անձնական կոլորիտը, մի հեռացեք ինքներդ ձեզնից: Կարևորեք գեղեցկության ու անհատականության ճիշտ ընդգծման դերը ձեր կերպարի կերտման գործում: Եղեք առողջ և գեղեցիկ անկախ տարվա եղանակից: