Ակնհայտ է, որ Արևմուտքն ու Ռուսաստանն ակտիվ ջանքեր են գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: Երկար դադարից հետո այդ ուղղությամբ առաջին գործուն քայլն եղավ Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ, որի ժամանակ հայտարարվեց, որ հետագա բանակցությունները կշարունակվեն «Բրյուսելյան ձևաչափով»՝ ԵՄ միջնորդությամբ:
Մյունխենի հանդիպումից անմիջապես հետո ականատես ենք լինում այս ուղղությամբ ԵՄ ակտիվ ջանքերին, այդ թվում՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի արդեն երկրորդ այցին տարածաշրջան: Ուշագրավ է, որ այս օրերին զուգահեռ տարածաշրջանում են գտնվում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցով թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
Մյունխենի հանդիպումից հետո ականատես եղանք նաև ՌԴ ակտիվացմանը, այդ թվում՝ տեղի ունեցավ ՌԴ արտգործնախարարի այցը տարածաշրջան: ՌԴ-ն վերահաստատեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու իր հրավերի դեռ արդիական լինելը:
Չնայած ակնհայտ է այսօր Արևմուտքի և ՌԴ-ի մրցակցությունը տարածաշրջանում իրենց ազդեցության և հենց իրենց միջնորդությամբ բանակցային գործընթացն առաջ մղելու համար, զուգահեռ նկատվում են որոշակի նոր միտումներ:
Մասնավորապես, ՌԴ և Արևմուտքի մրցակցող նախաձեռնությունները կողմերի համար մանևրելու, ստանձնած պարտավորություններից խուսափելու ուղիներ փնտրելու հնարավորություն է ստեղծում: Եվ չի բացառվում, որ թե՛ Արևմուտքը, թե՛ ՌԴ-ն սկսեն այդ մանևրի դաշտը փոքրացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Չնայած Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումից հետո ՌԴ-ից հնչած սուր քննադատությանը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ ՌԴ-ն դեմ չէ, «որ այլ կողմերը օգնեն այս հարցերի լուծմանը, ամենից առաջ՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը, այն գիտակցումով, որ դա անկեղծ է արվելու, ելնելով ամուր խաղաղության հաստատման, բոլոր ժողովուրդների հետագա զարգացման համար պայմանանների ստեղծման շահագրգռվածությունից»:
Ուշագրավ է, որ երեկ նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Վերջինս հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում կողմերին հարկադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։ «Սա հենց կողմերի հարցն է, և մենք չենք պատրաստվում դեմ լինել միջնորդության որևէ այլ առաջարկի: Իրականում մենք միջնորդ չենք, այլ գործընկեր ենք երկու երկրների համար»,- ասել է նա։
Թե՛ Մոսկվայից, թե՛ Վաշինգտոնից նմանատիպ այս ուղերձները հուշում են, եթե նույնիսկ այս երկու միջնորդները չեն պատրաստվում վերականգնել համագործակցությունը, ապա չի բացառվում, որ որոշ հարցերում գնան կողմերին սահմանափակելու համաձայնեցված քայլերի: