Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից։ Այս մասին նշվում է խորհրդարանական մեծամասնության համատեղ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Sputnik Грузия-ն։
Թբիլիսիի կենտրոնում մարտի 8-ի լույս 9-ի գիշերը շարունակվել է բողոքի ակցիան և ցուցարարների ուժով ցրելը։ Apsny.ge-ի փոխանցմամբ, հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառմամբ մի քանի անգամ ցուցարարներին դուրս է հանել Ռուսթավելի պողոտայից։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ինքնաբուխ ակցիաները կապված են խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման հետ: Եվրամիության կողմից դժգոհության հերթական ալիքից հետո, որն առաջացել էր այն բանից հետո, որ Թբիլիսին դեռևս կալանքի տակ է պահում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և չի կիրառում հակառուսական պատժամիջոցներ, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ըստ հեղինակների «ամերիկյան» նախագիծ է, ըստ ընդդիմության՝ «ռուսական»։
Հարկ է նշել, որ «Օտարերկրյա գործակալների» փաթեթը պայմանական անուն է, դրանում երկու օրինագծեր են՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրացի գործակալների գրանցման մասին»: Երկու օրինագիծն էլ հեղինակել է «Ժողովրդի ուժ» շարժումը, որը համարվում է խորհրդարանում մեծամասնություն ապահոված «Վրացական երազանքի» զինակիցն ու գործընկերը: Փաստաթղթի համաձայն՝ շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները կստանան օտարերկրյա ազդեցության գործակալի կարգավիճակ, եթե նրանց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվի արտերկրից։ Նման կազմակերպությունները պետք է պարտադիր գրանցում անցնեն։ Եթե ինչ-ինչ պատճառներով նրանք դա չանեն, ապա կտուգանվեն, և Դատարանը կարող է հետաքննություն սկսել: Ընդ որում, դրա վճարումը թույլ չի տա խուսափել գրանցումից:
Հատկանշական է, որ արևմտյան և մասնավորապես եվրոպական մի շարք գործիչներ բաց տեքստով հանդես են եկել տվյալ օրինագծի դեմ, նշելով որ Վրաստանը շեղվում է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր օրակարգից, որ այդ օրենքի ընդունումը հակասում է Վրաստանի՝ եվրաինտեգրման գործընթացին ու շահերին: Ասվում է, որ օրինագիծն անհամատեղելի է Եվրամիության արժեքների և չափանիշների հետ։ Այն հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Ուշագրավ է Վրաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունը. «Սև օր է եկել վրացական ժողովրդավարության համար: Կրեմլից ոգեշնչված օրենքի քննարկումը խորհրդարանում անհամատեղելի է Եվրոպային ինտեգրվելու և երկրի ժողովրդավարական զարգացման Վրաստանի հստակ ձգտման հետ։
Նման օրենքի ընդունումը կվնասի ռազմավարական գործընկերների հետ Վրաստանի հարաբերություններին և կխաթարի այն կարևոր աշխատանքը, որն իրենց համաքաղաքացիներին օգնելու համար անում են վրացական շատ կազմակերպություններ։ Այս գործընթացը հարցեր է առաջացնում իշխող կուսակցության՝ եվրաատլանտյան ինտեգրման իրական հանձնառության վերաբերյալ», - ասված դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Ամփոփելով իրադարձությունների ու հայտարարությունների շղթան կարծես տպավորություն է ստեղծվում, որ չնայած Վրաստանում իշխող վերնախավի հավատարմությանը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսին, այնուամենայինիվ Արևմուտքը փորձում է պատժել կամ զսպել վրացական իշխանություններին: Եվ կարծես թե Վրաստանի կառավարության «մեղքը» կայանում է նրանում, որ չի ներքաշվում Ռուսաստանի հետ առճակատման մեջ, ավելին, ձգտում է հեռու մնալ հակամարտությունից։ Սա լիովին համահունչ է Վրաստանի ազգային շահերի հետ, սակայն բոլորովին չի համապատասխանում ԱՄՆ-ի և եվրոպական շահերին։