21-րդ դարը տեխնոլոգիաների զարգացման, սոցիալական մեդիայի վերելքի դարաշրջան է: Այս պատճառով ռազմավարության և կանոնների առկայությունը ժամանակի և գործընթացի թելադրանք է: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ՀՀ Ազգային ժողովի սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման ռազմավարության և ՀՀ Ազգային ժողովի սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման անվտանգության և բարեվարքության կանոնների վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողությանը, հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
«Ներքին իրավական ակտերի առկայությունը մեծապես նպաստելու է սոցիալական մեդիահարթակներում Ազգային ժողովի` որպես օրենսդիր մարմնի և ԱԺ աշխատակազմի գործունեության դյուրացմանը»,- ընդգծել է Դավիթ Առաքելյանը:
Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը շնորհակալություն է հայտնել ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը` համագործակցության համար: Բանախոսը համոզմունք է հայտնել, որ սոցիալական մեդիայի ռազմավարությունը կօգնի ԱԺ աշխատակազմին` հանրության հետ արդյունավետ հաղորդակցվել: Նրա խոսքով Միջազգային հանրապետական ինստիտուտը մշտապես պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններում:
Փաստաթղթերը մշակվել են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ համատեղ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը և ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշել են, որ փաստաթղթերը խորհրդարանի մեդիաոլորտի պատասխանատուների համար կարևոր աշխատանքային գործիքներ են: «Մենք շուրջ մեկ տարի աշխատել ենք փաստաթղթերի ստեղծման ուղղությամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս փուլում չէինք կարող խորհրդարանում չունենալ հաղորդակցության կազմակերպման նման ռազմավարություն»,- ընդգծել է Լաուրա Անտոնյանը:
«Մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր այն անձինք, ովքեր աշխատում են խորհրդարանում, գիտակցեն կառույցի կարևորությունը և սոցիալական հարթակներում դրսևորեն իրենց` կառույցին համապատասխան»,- նշել է Ծովինար Խաչատրյանը:
Փաստաթղթերի ռազմավարական նշանակությունը ներկայացրել է սոցիալական մեդիայի փորձագետ, ռազմավարության հեղինակ Արտակ Հարությունյանը: Նա նշել է, որ փաստաթղթերը մշակելիս դիտարկվել է այլ երկրների փորձն այս ոլորտում: