Մարտի 9-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ, մեկնաբանելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու Արցախի շրջափակումը շարունակելու մտադրությունը, հայտարարել է. «Կողմերից յուրաքանչյուրի ռազմատենչ հռետորաբանությունը հակակառուցողական է: Այն չի նպաստում խաղաղ օրակարգի առաջ մղմանը: Ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է անվերապահ կատարեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, այդ թվում՝ վերաբերող Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն ու Լաչինի միջանցքի օգտագործմանը: Համարում ենք նաև, որ ներկայիս լարվածության դեէսկալացիային կնպաստեր պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխադարձ ընդունելի ելքերի որոնմանը»:
Թեմայի շուրջ Կարեն Բեքարյանի մեկնաբանությունն «Արմեդիա» ՏՎԳ-ին:
- Երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ակնարկել է, որ ներկայիս իրավիճակի դեէսկալացիային կնպաստեր Հայաստանի ակտիվ ներգրավվումը փոխադարձ ընդունելի ելքերի որոնմանը: Ի՞նչ ազդակներ է պարունակում այս հայտարարությունը: Արցախ-Ադրբեջան երկխոսությունն ունակ չէ՞ լուծել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը:
- ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի ակնարկը չի վերաբերում միայն Լաչինի միջանցքի հետ կապված հարցին, չնայած որ այդ հարցն էլ, փաստացի, չի ստացվում լուծել ո՛չ ուղղակիորեն ՌԴ ջանքերով, որպես նոյեմբերի 10-ի տխրահռչակ հայտարարության ստորագրող կողմ, ո՛չ, այսպես կոչված, Արցախ-Ադրբեջան շփումներում, բայց կրկնեմ՝ Զախարովայի ակնկարկը միայն դրան չի առնչվում:
Սա շատ խորը համեմված է երկու միջնորդությունների մրցակցությամբ՝ Միացյալ Արևմտյան և ռուսաստանյան, և ակնարկն առավելապես վերաբերում է նրան, որ Հայաստանը ռուսական միջնորդության ներքո գործընթացը շարունակելու որևէ ակտիվություն չի ցուցաբերում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ակնարկը շատ ավելի լայն համատեքստ ունի, և այդտեղ Լաչինի միջանցքն ուղղակի ենթակետերից մեկն է: