Շաբաթ օրը Ֆրանսիայի արհմիությունները յոթերորդ բողոքի ակցիան են անցկացնում՝ ընդդեմ կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից, մեծաքանակ ցույց է սկսվել Փարիզի Հանրապետության հրապարակում։
Ֆրանսիացիները շարունակում են անհամաձայնություն հայտնել երկրում կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու կառավարության ծրագրերին՝ «Մենք միասին պայքարում ենք մեր թոշակների գողության դեմ», «64 տարեկանում թոշակ չկա» կարգախոսներով։ Երթի որոշ մասնակիցներ մտադիր չեն սահմանափակվել բարեփոխումներից հրաժարվելու պահանջով, նրանք կրում են պաստառներ, որոնք կոչ են անում նվազեցնել կենսաթոշակային նվազագույն տարիքը մինչև 60 տարեկանի։
Հանրահավաքի ժամանակ ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ագրեսիվ ցուցարարները սկսել են կոտրել կայանված մեքենաների ապակիները, հրկիզել աղբամանները, քարեր ու շշեր նետել ոստիկանների վրա։