Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք է արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ մարտի 10֊ին` ժամը 19։10–ից ժամը 19։40–ն, ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը նաև շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Խաղաղապահները մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում 0,8 հա տարածք է մաքրվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: