Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այսպիսով՝ Հայաստանը միացավ Եվրասիական վերաապահովագրական ընկերությանը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը
Եվրասիական վերաապահովագրական ընկերություն ստեղծելու մասին որոշումը ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի կողմից ընդունվել է 2022թ.-ի օգոստոսին Ղրղզստանում կայացած Միջկառավարական նիստին:
Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը միջազգային կազմակերպություն է՝ հիմնադրված ԵԱՏՄ անդամ-պետությունների կողմից: Կազմակերպության նպատակն է խթանել միության երկրների միջև փոխադարձ առևտուրն ու ներդրումները, տնտեսական հետագա ինտեգրացիան, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ներդրումային գրավչության բարձրացումը: Կազմակերպությունը բաց է երրորդ երկրների անդամակցության համար:
Կառույցի հիմնական նպատակն արտահանման մատակարարումների և ռիսկերի ապահովագրությունն է, որն այսօր արևմտյան վերաապահովագրական ընկերությունները հրաժարվում են իրականացնել:
Կազմակերպության կանոնադրական կապիտալը կազմում է 15 մլրդ ռուբլի, որից ամենամեծ մասնաբաժինը ներդրել են ՌԴ և Բելառուսը՝ համապատասխանաբար 45 % և 30 %: Ղազախստանին բաժին է ընկնում կանոնադրական կապիտալի 20 %-ը, Հայաստանին 3 %-ը և Ղրղզստանին՝ 2 %-ը:
Ըստ էության, ԵԱՏՄ-ում նման կառույցի ստեղծման անհրաժեշտությունն առավելապես բխել է ռուս-ուկրաինական զարգացումներով և արևմտյան պատժամիջոցներով:
Ինչպիսի՞ն է վերաապահովագրական կազմակերպությունների միջազգային փորձը
Վերաապահովագական ընկերություններն, ըստ էության, կատարում են նույն ֆունկցիան՝ ինչ ապահովագրական ընկերությունները, բայց երաշխիքներ ստացողի դերում հենց ապահովագրական ընկերություններն են: Այսինքն, դա այն գործընթացն է, երբ ապահովագրական ընկերությունները, ստանձնելով իրենց կապիտալը կամ ֆինանսական ռեսուրսները գերազանցող ռիսկեր, իրենք են դիմում ապահովագրության:
Վերաապահովագրական ընկերությունները, սովորաբար, վերազգային կամ միջազային կազմակերպություններ են: Միջազգային հաջող փորձ ունեցող վերաապահովագրական ընկերությունների գործունեության հիմքում ընկած է իրավական ակտը, իսկ ազգային իրավական օրենքն ու իրավական նորմերը կիրառվում են այնքանով, որքանով դիտարկվող հարցերը ենթական են ընկերության կանոնադրությանը կամ չեն համարվում միջազգային մակարդակի քննարկման առարկա:
Հայտնի վերաապահովագրական ընկերություններից են Swiss Re (Շվեյցարիա), Munich Re (Գերմանիա), SCOR (Ֆրանսիա) Africa Re-ն (Աֆրիկա) և այլն:
ՌԴ- ն վերաբաշխում է ապահովագրական ռիսկերը
Վերաապահովագրական ընկերության ստեղծման գաղափարը ԵԱՏՄ-ում շրջանառվել է ավելի վաղ, քան ռուս-ուկրաինական զարգացումների մեկնարկը, սակայն գործընթացն ակնհայտորեն թափ է առել հենց այդ զարգացումների համատեքստում: 2022թ.-ի սկզբից ի վեր ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կողմից արևմտյան պատժամիջոցների ազդեցության առաջնային ոլորտներից է գնահատվել հենց ապահովագրական շուկան՝ արևմտյան վերաապահովագրողների կողմից պայմանագրերից հրաժարման դեպքում: Դեռ այդ ժամանակ արդեն իսկ ակնհայտ էր ռուսաստանյան շուկայի համար վերաապահովագրական որևէ այլընտրանքային մեխանիզմի մշակման և ներդրման անհրաժեշտությունը:
Արդյունքում, ԵԱՏՄ-ում, ինչպես մնացած այլ ուղղություններով, այս ոլորտում էլ արագացան նախանշված ծրագրերի և առհասարակ ինտեգրացիոն գործընթացները:
Սա մի կողմից լրացուցիչ անվտանգության բարձիկ է Միության անդամ երկրների համար, մյուս կողմից նրանցից յուրաքանչյուրի համար պահպանվում է արևմտյան ուղղակի կամ ածանցյալ պատժամիջոցների ազդեցության ներքո հայտնվելու ռիսկը: