Հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումը անհապաղ․ Անդերս Ֆոգ Ռասմուսեն

19:12     14 մարտի, 2023

Լաչինի միջանցքի շրջափակումը ո՛չ մարդկային է, ոչ էլ օրինական, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Հիշեցնենք՝ վերջինս այսօր այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս, հաղորդում է Aysor.am-ը։

«Ես հանդիպել եմ մարդկանց հետ, ովքեր ապրել են ԼՂ-ում, և նրանք ինձ պատմեցին այն կրիտիկական իրավիճակի մասին, որը տիրում է ԼՂ-ում»,- ասաց Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Նրա գնահատմամբ՝ Արցախին հումանիտար աղետ է սպառնում։

«Մենք բախվում ենք հումանիտար ճգնաժամի, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այս շրջափակումն անօրինական է։  Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որը պարտադրում է Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Որոշումը պարտադիր է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ տեղաշարժի համար»,- ընդգծեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։

Անդերս Ֆոգ Ռասմուսենը նաև ուղերձ հղեց Ադրբեջանի նախագահին։

«Այսօր ես հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումը այսօր, անհապաղ»,- ասաց նա։


© armedia.am