Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ՝ արդեն շատ բաց ու ուղիղ տեքստով հայտարարեց, որ հրաժարվում է Արցախի համար պատասխանատվությունից:
Ոչ մի կերպ չհիշատակելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Փաշինյանը շարունակում է խոսել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին: Սակայն, նույնիսկ այս պարագայում ոչ թե այդ իրավունքների ու անվտանգության պաշտպանության համար պայքարելու որոշակի պարտավորություններ է ստանձնում, այլ հայտարարում է, որ Արցախի ժողովուրդն է այդ իրավունքների ու անվտանգության շրջանակը որոշողը և դա պետք է արվի Բաքվի հետ Ստեփանակերտի երկխոսության միջոցով:
Փաշինյանն այս համատեքստում միայն մեկ խնդիր է առաջ քաշում՝ այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը, սակայն այդ հարցում էլ հաստատակամություն և սկզբունքայնություն չի ցուցաբերում:
Ընդհանուր առմամբ, Փաշինյանի հիմնական նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը չունի լծակներ՝ Արցախյան հիմնախնդրի ու Արցախի ճակատագրի վրա ազդելու համար, այլ ինչպես ինքը հայտարարեց՝ ամեն ինչ կախված է լինելու Արցախում ապրելու Արցախի ժողովրդի կամքից:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նույն ինքը Փաշինյանը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Ադրբեջանը խնդիր է հետապնդում հող նախապատրաստել միջանցքի բացվելու, հետո նորից փակվելու ու բացվելու միջոցով հասնել Արցխաի հայաթափմանը: Իսկ այսօր էլ հայտարարում է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրում իր կողմից արված առաջարկներով փորձում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ստանալ Փաշինյանի ստորագրությամբ:
Այս ամենի համատեքստում ուշագրավ ու կարևոր է Փաշինյանի նաև այն հայտարարությունը, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակով արդեն ոչ թե Հայաստանը, այլ ՌԴ-ն ու Արցախի ՊԲ-ն են Արցախի անվտանգության երաշխավորը:
Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը, մի կողմից՝ արձանագրում է, որ Ադրբեջանը ռազմական էսկալացիայի է պատրաստվում, ցանկացանում է էթնիկ զտումներ իրականացնել ու հայաթափել Արցախը, երկխոսությունը վերածում է ինտեգրման շուրջ քննարկման ու ժխտում է այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ հրաժարվում է թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային որևէ պատասխանատվություն կրել Արցախի համար և իր միակ անելիքը տեսնում է ֆինանսական աջակցության տրամադրման մեջ: