Իսրայելի Հայֆա քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել: Այս մասին հայտնում է թուրքական «OdaTV» ընդդիմադիր լրատվամիջոցը՝ հղում անելով իսրայելական «Ynet» կայքում հրապարակված Ռաֆայել Սադիի հոդվածին, փոխանցում է Ermenihaber-ը:
Հոդվածի հեղինակն անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքային իշխանությունների այդօրինակ որոշումը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ նոր-նոր կարգավորված թուրք-իսրայելական հարաբերություններում
Սադիի կարծիքով, սակայն, այս օրերին Հայֆա քաղաքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին այդ քաղաքի ղեկավարությունը կարող է չանսալ հուշարձանը տեղադրումը չեղարկելու վերաբերյալ կառավարության պահանջներին: Նշվում է, որ դա հավանական է՝ հաշվի առնելով Իսրայելում ՏԻՄ մարմինների ունեցած լայն ինքնավարությունը:
Ըստ հոդվածագրի՝ Հայոց ցեղասպանության հուշարձանը տեղադրելու նախաձեռնության հեղինակը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) մի քանի անգամ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ անհաջող նախաձեռնություններով հանդես եկած «Մերեց» կուսակցության նախկին պատգամավորներից մեկն է: