Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին կարգավորման կոնկրետ ծրագրեր չի մշակում, սակայն եթե կողմերը օգնություն խնդրեն, կազմակերպությունը կքննարկի հնարավորությունը: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Կազմակերպության քարտուղարությունն ուշադրություն է հրավիրել ԶԼՄ-ներում ՀԱՊԿ-ում «տաջիկ-ղրղզական սահմանին լարվածությունը թուլացնելու որոշակի ծրագրերի» առկայության վերաբերյալ տեղեկատվության վրա։
«Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև սահմանային խնդիրն իսկապես գոյություն ունի։ Այն բազմիցս քննարկվել է բարձրագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի, Կազմակերպության կանոնադրական այլ մարմինների նիստերում»,- ընդգծել է Զայնետդինովը։
Միաժամանակ նա նշել է, որ «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների կողմից այս խնդրի կարգավորման կոնկրետ պլանների մշակում չի իրականացվում»։ «Դուշանբեի և Բիշքեկի միջև այս հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են երկկողմ ուղիներով։ Միևնույն ժամանակ, երկու պետությունների ղեկավարներն էլ հաստատում են, որ քաղաքական և դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի։ Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության կողմից ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործելու դիմումի դեպքում այն կքննարկվի գործող ընթացակարգերին համապատասխան»։