«Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարկված «Տնտեսական ազատության ինդեքս - 2023» զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը՝ հավաքելով 65.1 միավոր: Այսպիսով, Հայաստանը 2023թ.-ի զեկույցի արդյունքներով, ինչպես և 2022թ.-ին, համարվում է «չափավոր ազատ» երկիր:
Հիշեցնենք, որ 2020 և 2021թթ-ին Հայաստանը ներգրավվել էր «հիմնականում ազատ» երկրների խմբում: Ի դեպ, 2022թ.-ին Հայաստանն ունեցել է 65.3 միավոր, 2021-ին՝ 71.9 միավոր: Չնայած այս հանգամանքին, 2023թ.-ին Հայաստանն ինդեքսում բարելավել է դիրքը 8 հորիզոնականով, քանի որ վարկանիշում Հայաստանին նախորդ տարի գերազանցող շատ երկրներ հեռընթաց են ապահովել: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ երկրի «վաստակած» միավորներն զբաղեցրած հորիզոնականից կարևոր են՝ հաշվի առնելով չափորոշիչները, որով ձևավորվում է գնահատման սանդղակը:
Այսպես, ուսումնասիրելով հիմնադրամի կողմից այս տարվա զեկույցի մանրամասները, կարող ենք միավորների կտրվածքով Հայաստանի հետընթացը բնութագրել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործոնների ազդեցության տիրույթում:
Զեկույցի ենթաիդեքսների ուսումնասիրության համաձայն, ՀՀ-ում էական նվազեցում է նկատվել արդարադատության արդյունավետություն (-1.6 կետ), հարկաբյուջետային կայունություն (-4.1 կետ), դրամավարկային ազատություն (-7 կետ), պետական ծախսեր (-2.6 կետ) ենթաինդեքսներում: Դրական տեղաշարժ նկատվել է կոռուպցիայի բացակայություն (0.8 կետ), հարկային բեռ (0.6 կետ), աշխատանքի ազատություն (11.5 կետ) ենթաինդեքսներում:
Տեսանելի է, որ նվազման միտում ցուցադրած ենթաինդեքսները և՛ քանակապես են գերազանցում, և՛ անկման տեմպով: Դրական տեղաշարժ ապահոված ենթաինդեքսներից, ըստ էության էական առաջընթաց է ապահովվել միայն մեկում (աշխատանքի ազատություն), մյուս երկուսի պարագայում աճն աննշան է:
Զեկույցն իր մեջ շատ թիրախային գնահատականներ է պարունակում թե՛ պետական պարտքի ավելացմանը, կամ ավելի հստակ՝ պարտքային միջոցների կառավարմանը (պետական ծախսեր ենթաինդեքս), թե՛ գնաճային դրսևորումների և դրա դեմ պայքարի քաղաքականությանը (դրամավարկային ազատություն ենթաիդեքս), թե՛ դատական համակարգում առկա խնդիրներին (արդարադատության արդյունավետություն ենթաինդեքս):
Վերջինիս պարագայում իրավիճակը կարելի է համարել օբյեկտիվ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ԿԲ-ն, միայնակ մնալով գնաճի դեմ պայքարում, կիրառել է սահմանադրությամբ իրեն վերապահված գործիքակազմը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոփոխելու տեսքով: Մնացածի պարագայում կառավարման հետ կապված խնդիրներն ակնհայտ են:
Հասկանալի է՝ ինչով է պայմանավորված Տնտեսական ազատության ինդեքսն իշխանությունների կողմից անտեսված լինելու հանգամանքը:
Մինչդեռ կար ժամանակ, երբ այն 100 «ձեռքբերում/ փաստերից» մեկն էր: