Արևմուտքը ցանկանում է ներթափանցել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Եվրասիան բաժանել ռազմական բլոկների՝ Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար, սակայն այդ փորձերը դատապարտված են ձախողման։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Жэньминь жибао» թերթի համար հրապարակված հոդվածում, որի ռուսերեն տեքստը հրապարակվել է կիրակի օրը Կրեմլի կայքում:
«Անհնար է չհասկանալ, որ ՆԱՏՕ-ն փորձում է իր գործունեությանը գլոբալ տարածություն հաղորդել՝ նպատակ ունենալով ներթափանցել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Որ որոշ ուժեր համառորեն ձգտում են բաժանել ընդհանուր եվրասիական տարածքը «բացառիկ ակումբների» և ռազմական բլոկների ցանցի, որի նպատակն է զսպել մեր երկրների զարգացումը և ոտնահարել նրանց շահերը։ Սակայն ոչ ոքի չի հաջողվի դրան հասնել»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։