Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին, որի ժամանակ զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել մակրոտնտեսական կայունության պահպանմանն ուղղված Կառավարության բարեփոխումների առաջընթացը, ինչպես նաև մտքեր են փոխանակել տնտեսական կայուն աճի պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Քննարկվել են պետական մասնակցությամբ ծրագրերի վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:
Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական հատվածում վարձատրության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող աշխատանքը՝ ընդգծելով ԱՄՀ դերը երկրում առանցքային բարեփոխումների իրականացման գործում: